Խմբագրական

Դիտարկումներ ներկայի ներածականի շուրջ. Մաս Բ

Դիտարկումներ ներկայի ներածականի շուրջ. Մաս Բ

Ո՞վ է բարձրացնելու մեր դրոշը։

Պատմության ընթացքում մեր հայրենիքին տիրացած օտարները մեզ ենթարկեցնելու հարցում ընկալել են կարևորը։ Կասեցնել հայոց անկախ պետակա­նու­թյունը պարբերաբար վերակենդանացնող երեք հիմնական ուժերի վերարտադրման գործըն­թացը։ Այդ ուժերը նաև հաստատուն շարժ են ապահովել հայոց անկախ պետականության զարգացման համար՝ ունենալով միմյանց փոխլրացնող գործառույթներ։ Նրանց գործունեության հիմքում ընկած է եղել մեկ հիմնական կիրառական սկզբունք․ կազմակերպում։ Սկզբունքները պետք է դիտարկել իրենց ամենալայն իմաստներով հանդերձ։ Կազմակերպումը ընկած է եղել հասարակական-քաղաքական շրջանակի ուսերին։ Նրանք նաև կրել են գաղափարական հենքն ապահովելու գործառույթ։ Այս խմբի մեջ է ամբողջացել հայ հասարակության կառավարչական և մտավորական ներուժը։ Իշխանության համակարգի ներկայացուցիչներ հանդիսացող ազնվակա­նու­թյունից մինչև ժամանակակից քաղաքական շրջանակներ, մտավորականության «դաս»-ին պատկանող առաջին գրիչներից ու հոգևորականներից մինչև գիտակրթական-մշակութային ոլորտի լուսավորյալներ պարբերաբար լծվել են տարբեր անկյուններից հայոց անկախ պետականությունը վերածնելու և հզորացնելու գործին։ Այս ուժը պայմանականորեն դարձել է մեր մարմնի գլուխը։ Մյուս երկու կարևոր ուժերը գործնականում ապահովել են «գլխի» առաջ բերած ծրագրերի իրականացումը։ Նրանցից երկրորդը մեր հավաքական բռունցքն է։ Ուժ, որի հիմքում կանգնել են բանակայինները` բառի ամենալայն կիրառմամբ։ Նրանց շարքերում հաճախ տեսել ենք աշխարհազորայինից մինչև կադրային զինվորականի։ Առաջին երկու շարժիչ ուժերի զարգացումն ապահովել են տնտեսական ճակատի ներկայացուցիչները։ Դատարկ գրպանը լեցուն պահելու ձգտումը հաճախ է «անվտանգության բարձիկի» դեր խաղացել։ Այս երեքը միասին հիրավի լուծել են համազգային մասշտաբների խնդիրներ։ Նրանց հաջողվել է ձևավորել հավաքական շահ, որը մղիչ հոսանքի պես առաջ է տարել հայ հասարակության բոլոր շերտերին։ Նրանց հավաքական կերպարների մեջ կարելի է տեսնել մեզ հայտնի հայոց մեծ ու փոքր առաջնորդներին։ Մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իրեն բաժին հասած ճակատում ծավալել է իր և հայ հանրության շահերի սպասարկման համար անհրաժեշտ գործունեություն։ Նրանք են բարձրացրել մեր դրոշը՝ առաջնորդելով մեզ։ Եվ նրանք է, որ բարձրացնելու են մեր դրոշը։

Ի՞նչ է եղել դրոշակակիրներին։

Երբևէ մեզ տիրացած օտարները ժամանակ առ ժամանակ պայքարել են այս երեք ուժերի դեմ։ Փորձել են կասեցնել նրանց հավաքական ամբողջությամբ գործելու ձգտումը։ 1915 թ․-ից հետո պարզ դարձավ, որ անգամ ոչնչացման սպառնալիքն անարդյունք է, եթե հայության շարքերում դեռ ծլում են այդ ուժերի սերմերը։ Ուրեմն, նպատակն ավելի քան հստակ է։ Ինչո՞ւ փորձել անարդյունք ոտնատակ անել մի ամբողջ ազգ, եթե կարելի է խեղել այդ նույն ազգը հաստատուն պահող ուժերին և ենթարկեցնել ազգին։ Գաղափարական «․․․իզմ»-երի ալիքներից մինչև սեփական շահը գերադասելու հրամցված արժեքները ժամանակի ընթացքում տվել են սպասված արդյունքներ։ Գոնե այսպես են կարծել նույն օտարները։ Բազմաթիվ են օրինակները։ Սելևկյան ուժերով հայոց անկախ պետականությունն ավիրած Արտաշեսից մինչև խաչակիրների բարեգթությունը շահած Կիլիկիայի Լևոնը։ Միևնույն ժամանակ, որքան էլ տարօրինակ է, նույն Արտաշեսն է, որ դարձել է Տիգրան ծնած անկախ Հայաստանի վերածնունդի կերտողը։ Նույն Լևոնն է, որ տարածաշրջանի հզոր տերության՝ Կիլիկյան հայոց թագավորության, հիմնադիր արքան է հանդիսացել։ Ուստի, ակնհայտ է, որ օտարների ներմուծած արժեքների արդյունքում հայոց դրոշակակիրների հետընթացը չի հանգեցրել այդ ուժերի իսպառ ոչնչացմանը։ 1045 թ․-ից հետո 873 տարով լայն թափ առած այս գործընթացը Հայկական լեռնաշխարհում միևնույն է չի ավարտվել օտարի մշակած սցենարով։ Մեզանում կրկին ի հայտ են եկել դրոշակակիրներ և բարձրացրել մեր դրոշը։ Ուրեմն, ո՞րն է գլխավոր հարցը։ Մի բան, որը ոչ միայն մենք ենք բարձրաձայնում, այլն նաև՝ նույն օտարները։ Մենք․ թե ինչու դրոշակակիրների կերտման ու կայացման գործընթացում չկա կանխատեսելի, որակական ու թվական անհրաժեշտ կազմի շարունակականություն։ Օտարները․ թե ինչու, թեկուզ մեկընդմեջ, ի հայտ են գալիս բոլոր ծրագրերը խաթարող դրոշակակիրները։ Երկու կողմերի հարցադրումների մեջ ընդհանուրն այն է, որ զարգացումներից անկախ դրոշակակիրները հայտնվում են։ Ուստի, գլխավոր հարցը ոչ թե նրանց բացակայության, այլ՝ ժամանակի շղթայի մեջ անհրաժեշտ թվակազմով, որակով և պարբերականությամբ մեր հասարակության մեջ չհայտնվելու մեջ է։ 100-ամյակը մեկ առաջնորդների սպասելիս մենք շատ զոհողություններ ենք տալիս։ Այդ զոհողությունները հաճախ հանգեցնում են անդառնալի հետևանքների, որոնք անասելի նվազեցնում են մեր հավաքական հնարավորությունների պաշարը։ Այդ կերպ հաճախ անլուծելի խնդիրներ ստեղծելով ապագայի դրոշակակաիրների համար։ Ուստի, գլխավոր հարցի լուծումը մեր հեռանկարի առումով ավելի առաջնային է, քան մեզ հայտնի մնացած հարցերը միասին վերցրած։ Մեզ անհրաժեշտ է երեք ուժերի դրոշակակիրների անդադար վերարտադրող համակարգ, որի հիմքում պետք է լինի սեփական դրոշը գործնականում բարձր պահելու կարողությունը, այլ ոչ թե պատրաստակամությունը։

Խմբագրական — Մհեր Հովհաննիսյան