Քաղաքական

Անկախության հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում․ Դեկտեմբերի 10-ի դասերը​

Անկախության հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում․ Դեկտեմբերի 10-ի դասերը

Երեսուն տարի առաջ՝ 1991թ․ դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացվեց անկախության հանրաքվե։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82,2 տոկոսը մասնակցեց հանրաքվեին, որի 99,89 տոկոսը կողմ արտահայտվեց Արցախի անկախացմանը։ Այդ քայլով հանրապետությունը մտավ պայքարի հաջորդ փուլ․ 1988 թվականին ազատագրական շարժմամբ ձևավորված պահանջը՝ վերամիավորվել մայր Հայաստանին, 1991 թվականին, ըստ էության, հետաձգվեց ու վերաձևակերպվեց։
Պատմաբան, Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի դիտարկմամբ, զուտ իրավական տեսանկյունից, սկսած 1988 թվականից, Արցախն ընթացել է ճիշտ ճանապարհով․ բոլոր որոշումները բխում էին միջազգային իրավունքի նորմերից և ԽՍՀՄ օրենսդրությունից․
«Խորհրդային միության բոլոր միավորները՝ հանրապետությունները, ինքնավար մարզերն ու ինքնավար օկրուգներն իրավունք ունեին հռչակելու իրենց անկախությունը։ Եվ ԼՂԻՄ-ն անկախություն է հռչակել՝ օգտվելով իր այդ իրավունքից»։
Բալայանի համոզմամբ, նախ և առաջ, աշխարհին պետք էր ցույց տալ արցախահայության կատարած քայլի օրինականությունը, և հետո միայն անցնել երկրորդ քայլին՝ Հայաստանի հետ վերամիավորմանը։ Այդ ճանապարհով շարժվելու գլխավոր պատճառներից մեկն էլ Հայաստանին անհիմն մեղադրանքներից հեռու պահելն էր։ «Արցախահայության ազատ ապրելու կամքի իրացումն Ադրբեջանը սկզբից ևեթ փորձել է աշխարհին հրամցնել այնպես, իբր Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ այդպես չէր։ Ցավով պետք է նշել, որ դա իրեն հաջողվել է․ միջազգային հանրությունը հավատացել է Ադրբեջանի մատուցած կեղծիքին»,-նկատում է Բալայանը։
Անկախության հանրաքվեին հաջորդած տարիներին արցախահայությանը հաջողվել էր կառուցել պետական կյանքով ապրող երկիր․ Բալայանը դրանում չի կասկածում, բայց, որ ունեցածը պահելու ուղղությամբ բավարար ջանք ու ռեսուրս չի ներդրվել, ակներև է։ «Ամեն անգամ, երբ ինձ հարցնում էին՝ պատերազմ լինելո՞ւ է, ասում էի՝ իհարկե, լինելու է։ Ադրբեջանը որ այդքան զենք է գնում, թանգարաններում պահելու համար չի գնում։ Պետք է մենք էլ դրան համապատասխան քայլեր անեինք․ ոչ թե հրապարակներ կառուցեինք, ճանապարհներն ասֆալտապատեինք, նոր ծառայողական մեքենաներ ձեռք բերեինք, այլ՝ ռեսուրսները կենտրոնացնեինք բանակի վրա։ Ընդհանրապես, պատմության մեջ չի եղել նման բան, որ այս կամ այն փաստաթուղթը ստորագրելով՝ մեկընդմիշտ փակվի պատերազմի թեման»,- նկատում է նա։
Արցախի միջազգային ճանաչման գործընթացում, ըստ Բալայանի, այդուհանդերձ, առաջընթաց եղել է։ Որպես վկայություն՝ տարիներ շարունակ տևած բանակցային գործընթացն է հիշեցնում․ «Նման գործընթացները, որպես կանոն, բավականին դանդաղ են ընթանում, արագ չեն կատարվում, մեծ համբերություն ու դիմադրողական ուժ են պահանջում։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ աշխարհը շահերի վրա է ստեղծված։ Մեր շահերը չեն համընկել գերտերությունների շահերին, դրա համար էլ մեզ մինչև հիմա չի ճանաչել աշխարհը»։

Դիվանագիտության մեջ անելիքները շատ են։ Բալայանը նկատում է՝ այստեղ Թուրքիայից սովորել է պետք և հարմար պահին ճիշտ դիրք բռնել։ Մշտական բարեկամներ փնտրելու, քաղցր խոսքերին հավատալու փոխարեն՝ սեփական ուժերին ապավինելն ու համախոհներ գտնելն է, որ ցանկալի արդյունքը կտա։
Բալայանը համոզված է՝ եթե 30 տարի առաջ սկսեինք Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ռեսուրսները համակարգված ու ճիշտ օգտագործել, ապա թուրք-ադրբեջանական միությունը հիմա էլ հաջողության չէր հասնի։
«Մեր տունը քանդեց ստեղծված բազմակուսակցական համակարգը։ Կուսակցությունները ծնեցին նոր կուսակցություններ, ժողովուրդն ընկալվեց որպես ընտրազանգված։ Տարիներ շարունակ այդ ճանապարհով ենք գնացել, ժողովուրդը բաժանվել էր յուրայինների և ոչ յուրայինների։ Դա էլ մեզ հասցրեց անդունդի եզրին»,-ցավով նկատում է նա։
Ամեն դեպքում, դեռ ամեն ինչ, ըստ Բալայանի, կորած չէ․ ասում է՝ սրանից ավելի ծանր վիճակում էլ ենք եղել, բայց խոհեմ առաջնորդների օգնությամբ հաղթահարել ենք։
Առաջին քայլը, որ կօգնի ոտքի կանգնել ու աշխատել կորցրածը հետ բերելու ուղղությամբ` ներքին համերաշխության վերականգնում է, որը պետք է սկսել ՀՀ-ից։ «1988-ին մեր հաջողության մեջ մեծ դեր է ունեցել հենց ներքին համերաշխությունը։ Միմյանց հանդեպ անհանդուրժողականությունից, ատելությունից օր առաջ պետք է ազատվել։ Ու երբ ներքին միասնությունը վերականգնվի, զուգահեռ արագ տեմպերով հզորացվի բանակն ու տնտեսությունը, ապա այս վիճակից էլ դուրս կգանք»,-լիահույս է Վահրամ Բալայանը։

Լիլիթ Պողոսյան (թղթակից)