ԱռողջապահականԳիտակրթական

Ժառանգական հիվանդությունների բուժմանն օգնության հասնող կենսաինֆորմատիկան

Ժառանգական հիվանդությունների բուժմանն օգնության հասնող կենսաինֆորմատիկան

Սուրեն Դավիթավյանը Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտ է, կենսինֆորմատիկայի ոլորտում է արդեն 6 տարի։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում գործընկեր կենսաինֆորմատիկների  հետ հայ պոպուլյացիայի համար գենային մարկերներ են հայտնաբերում՝ հիմք նախապատրաստելով Հայաստանում անհատական բժշկության զարգացման համար։ Այլ կերպ ասած, ժառանգական՝ գենով պայմանավորված հիվանդությունների բուժման արդյունավետ տարբերակներ են փնտրում։

Հայաստանում կենսաինֆորմատիկայի զարգացման տեմպերն առայժմ անհամեմատելի են աշխարհի զարգացած երկրների հետ, բայց կարևորը՝ ցանկությունն ու հեռանկարը Հայաստանում էլ կա։

«Մոտ 10 տարուց, կարծում եմ, շոշափելի արդյունքներ կունենանք այս ուղղությամբ։ Հիմա շիզոֆրենիայի առանձնահատկություններն ենք ուսումնասիրում․ փորձում ենք հայ պոպուլյացիայի առանձնահատկությունները վեր հանել և համեմատելով այլ՝ արդեն ուսումնասիրված պոպուլյացիաների հետ,  հասկանալ, թե այդ հիվանդությունն ունեցող հայերի վրա շուկայում առկա դեղերն ինչ արդյունավետություն կարող են ունենալ»,-ասում է Սուրենը։

Շիզոֆրենիայի, ինչպես նաև մեկից ավել գենային մուտացիաներով պայմանավորված հիվանդությունների դեպքում, ինչպես երիտասարդ գիտնականն է ասում, շատ բարդ է բուժման սպեցիֆիկ ու հնարավորինս արդյունավետ տարբերակ գտնելը։ Շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց գենոմում տեղի ունեցած փոփոխությունները նույն պոպուլյացիայի առողջ մարդու գենոմի հետ համեմատելու արդյունքում պարզ է դառնում, թե գենային մակարդակում տեղի ունեցող որ փոփոխություններն են առաջ բերում շիզոֆրենիա։ Սուրենն ասում է՝ դա հետագայում կարող է հիվանդության կանխարգելման և բուժման համար հիմք հանդիսանալ։

Ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություններից մեկն էլ քաղցկեղն է, որի ուղղությամբ Սուրենն ու Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գործընկերները սկսել են աշխատանքներ տանել տարեսկզբից։

«Առայժմ սկզբնական փուլում ենք․  քաղցկեղով հիվանդ հայերի գենային տվյալներն ենք ուսումնասիրում։  Հետագայում, երբ ավարտենք այս փուլը, քաղցկեղով հիվանդ հայերի գենոմի առանձնահատկությունները կհամեմատենք այն պոպուլյացիաների հետ, ում համար արդեն արված են նման հետազոտություններ և կփորձենք անհատական ինֆորմացիա ստանալ։ Դա թույլ կտա հասկանալ, թե հայերի համար որքանով է արդյունավետ գոյություն ունեցող, այլ պոպուլյացիաների համար կիրառվող բուժումը»,-ասում է երիտասարդ կենսաբանը։

Ժառանգական հիվանդությունների բուժման անհատական մոտեցումն արագ տեմպերով է զարգանում զարգացած տնտեսություն ու առողջապահություն ունեցող երկրներում։ Սուրենն ասում է՝ ոլորտը զարգացնելու համար, նախ և առաջ, մեծ ներդրումներ են պետք։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում կենսաինֆորմատիկան գիտական մակարդակով զարգացնելու համար գրեթե բոլոր պայմանները կան, ինչպես բոլոր զարգացող ոլորտներում, այս ոլորտում նույնպես կա կարիք նոր մասնագետների, որոնց ներգրավմամբ և նախապատրաստմամբ զբաղվում է հաստատությունը։

Սուրենը լիահույս է, որ 15-20 տարի անց այս ոլորտում ունեցած գիտական ձեռքբերումները նաև կիրառություն կստանան․ «Առայժմ շատ թույլ է կապը բժշկական հաստատությունների հետ։ Մեր աշխատանքների համար, օրինակ, միայն նմուշներ ենք վերցնում հիվանդանոցներից, բայց հետագայում, երբ տվյաների հարուստ բազա ունենանք, կարծում եմ, միայն գիտական ոլորտում  չի արտացոլվի մեր աշխատանքը։ Ի վերջո, մեր հիմնական նպատակն այն է, որ գիտական ձեռքբերումները կիրառվեն, ու անհատական բժշկությունը զարգանա նաև Հայաստանում»։

Լիլիթ Պողոսյան (կամավոր թղթակից)